Ի՞նչ ծրագրեր եք պատրաստում, որ քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի, թե չէ՝ հերթական անգամ ջուր խմելով. Աբրահամյան (տեսանյութ)
«Հայաստանում, մասնավորապես, Երևանում վերջին տարիներին ջրամատակարարման որակը վատթարացել է»,- ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ Երևանում եղել են թաղամասեր, որտեղ եղել է շուրջօրյա ջրամատակարարում, ներկայում՝ տարվա որոշ ամիսներին ջրամատակարարումը լինում է գրաֆիկով։ Բացի այդ, ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ վերջին ամիսներին մի քանի բնակավայրերում ջրից թունավորան դեպքեր եղան։
Աբրահամյանը հարցեր ուղղեց նախագծի հիմնական զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանին. «Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցերի վերաբերյալ, ի՞նչ ծրագրեր եք պատրաստվում իրականացել խնդիրների հաղթահարման ուղղությամբ, որպեսզի քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի, թե չի թունավորվի հերթական անգամ ջուր խմելով»։
Առնակ Ավետիսյան արձագանքեց. «Դժվար է փաստել, որ ջրամատակարարման որակի հետ կապված վատթարացում կա։ Կառավարության ծրագրում հստակ ամրագրել ենք, որ ջրամատակարարման մասով, հատկապես խմելու, Երևան և Գյումրի համայքներում պատրաստվում ենք ապահովել 24-ժամյա ջրամատակարարում։ Համագործակցում ենք օպերատորի հետ։
Ջրի թունավորման դեպքերի մասով պետք է սպասել համապատասխան վարույթների եզրակացություններին, արձանագրումներին»։
Տիգրան Աբրահամյանն ասաց, որ եղել են թունավորման դեպքեր, որոնք 6 ամիս առաջ էին, արդեն պետք է հստակ պատասխան լիներ, թե ի՞նչն է թունավորման պատճառները։
«Արդյո՞ք քննարկել եք «Վեոլիա Ջուր» ընկերությունից կառավարումը վերցնելու և այլ ընկերությանը փոխանցելու հարց»,- հարցրեց Աբրահամյանը։
Առնակ Ավետիսյանը պատասխանեց. «Կարող եք ծանոթանալ պայմանագրին, ժամկետներին, պարտավորություններին, իրավունքներին, պայմանագրի շրջանակներում մշտապես գործարկում ենք մեր ունեցած բոլոր հնարավորությունները, լծակները, օպերատորի հետ ամենօրյա քննարկումներ են ունենում»։