Կարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)
«Կարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորը՝ դրան իրապես հավատալն է, այսինքն օրենքի ոգին ընկալելն է, ոչ թե իրականում ներկայացնել մի բան, իրականում անել ամբողջությամբ հակառակը»,- Աժ-ում «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նշենք՝ նախագծով առաջարկվում է ՀՀ-ում որպես Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ որպես աշխատանքային օր։
Վարդևանյանը նշեց, երբ խոսում են հանրային ծառայության մասին, առաջինը պետք է պատկերացնել հանրային ծառայողի անկախությունը, երկրորդը՝ քաղաքական իրադարձությունների ժամանակ վերջիններս չլինեն վարչական ռեսուրսի չարաշահման գործիք, չհանդիսանան վարչական ռեսուրսի չարաշահման զոհ, չհանդիսանան քաղաքական մեկ ուժի քմահաճույքների, ցանկությունների իրացման գործիք։
«Հանրային ծառայողների մասին խոսելիս՝ առաջինը պետք է ուղղակի իրապես հարգել հանրային ծառայողներին, ունենալ այնպիսի իրավիճակ, երբ հանրային ծառայողների շահերի պաշտպանության առաքելություն ունեցող պաշտոնյան հարգի իր կողմից ներկարացրած նախագիծը։
Մենք իրապես բոլոր հանրային ծառայողներին մեր հարգանքը փոխանցում ենք, բացառությամբ այն հանրային ծառայողների, որոնք օրինականությունից շեղվում են, իրավունքի գերակայությունը նսեմացնում են»,- ասաց Վարդևանյանը։