«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակին
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակին։
Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանն այսօր այսպիսին չէր լինի, եթե հոկտեմբերի 27-ի դեպքերը չլինեին։
«Մինչև հիմա հարցը բաց է մնում, հետևողական պետք է հասնել վերջնանպատակին՝ հասկանալ մոտիվները, ինչու այդպես եղավ, հասկանալ՝ ինչպես է դա եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ այս իշխանությունը 8 տարվա ընթացքում կարող էր ապահովել արդարացի քննություն, հասնել արդյունքի։
«Կարծում եմ՝ հարցերը շատ են կապված «հոկտեմբերի 27»-ի հետ։ Այդ դեպքի հետ կապված քաղաքական շահակումն ընդունելի չեմ համարում, սակայն ոճրագործության հիմնական բացահայտումն արդեն ցույց կտա»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
1999 թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկչական գործողություն է իրականացվել Ազգային Ժողովում։ Զինված խումբը ԱԺ նիստերի դահլիճ է ներխուժել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ։
Ահաբեկչական գործողությանը զոհ է դարձել 8 մարդ՝ Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։
Ահաբեկչությունը իրականացրած ահաբեկիչների դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի կայացած վճռով՝ 6 հոգի դատապարտվել է ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման։
Ցմահ ազատազրկման են դատապարտվել խումբը գլխավորող Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, որը 2004-ին ինքնասպան է եղել, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը, ով մահացել է իր մենախցում, Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, 2010-ին սրտի կաթվածից մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ, Նորայր Եղիազարյանը մինչ դատավճռի կայացումը էլեկտրահարվել էր իր խցում։