ԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործում
Հոկտեմբերի 26-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել COP17-ի ՀՀ նախագահության հովանու ներքո Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցաբար կազմակերպված «Քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության ամրապնդումը գիտահեն լուծումների միջոցով» խորագրով միջոցառմանը։
Իր խոսքում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտական հետազոտությունների, արդյունավետ մոնիտորինգի և միջազգային համագործակցության դերը բնապահպանական մարտահրավերներին հասցեական լուծումներ գտնելու և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված հանձնառությունները գործնական քայլերի վերածելու գործում։ Ռոբերտ Աբիսողոմոնյանն առանձնացրել է քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար՝ անդրադառնալով Սևանա լճի՝ որպես ազգային բնական ժառանգության և երկրի կայուն զարգացման կարևոր ռեսուրսի պահպանությանն ու վերականգնմանը։