ՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցը
Ռուսաստանը Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման տարբեր առաջարկներ է դիտարկում, այդ հարցի շուրջ կապի մեջ է Թուրքիայի հետ, սակայն «հացահատիկային գործարքը» վերակենդանացնելու հնարավորություն չի տեսնում, ռուսական «Интерфакс» գործակալությանը հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Ալիմովը։
«Այն առաջարկները, որոնք ստացվում են երկրներից, քննարկվում են։ Բոլոր երկրների հետ, նկատի ունեմ նաև Թուրքիան, երկխոսության մեջ ենք։ Եվ ոչ միայն Թուրքիայի հետ, այս թեման քննարկում ենք տարբեր երկրների հետ, բայց առայժմ «հացահատիկային գործարքի» վերականգնման որևէ հեռանկար ես չեմ տեսնում»,- նշել է Ալիմովը։
Ալիմովը նշել է, որ «հացահատիկային գործարքի» վերականգնման թեման քննարկվում է ՄԱԿ-ի հարթակում, և կան դա այս կամ այն ձևաչափով վերակենդանացնել ցանկացողներ, սակայն դա Մոսկվային չի բավարարում։ Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանի, ՄԱԿ-ի և Ուկրաինայի միջև կնքված «հացահատիկային գործարքն» անհաջող էր։
«Մենք հարգում էինք մեր պարտավորությունները, իսկ ՄԱԿ-ն ի վիճակի չեղավ ապահովել ՌԴ-ի նկատմամբ իր պարտավորությունների կատարումը՝ մեր պարարտանյութերի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մասով։ Մենք որևէ ձևաչափով «հացահատիկային գործարքը» վերակենդանացնելու հնարավորություն չենք տեսնում»,- եզրափակել է փոխարտգործնախարարը։
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը («հացահատիկային գործարքը») համաձայնագիր է, որը կնքվել էր 2022 թվականի հուլիսին Թուրքիայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի և Ուկրաինայի միջև (ՄԱԿ-ի միջնորդությամբ)։ Այն Ուկրաինային հնարավորություն էր տալիս ռազմական գործողությունների ընթացքում Սև ծովով հացահատիկ արտահանել, իսկ դրան զուգահեռ պետք է հեշտացներ ռուսական պարենամթերքի և պարարտանյութերի արտահանումը։