ԼՂՀ հարցը պետք է լուծել իրավա-քաղաքական մի նոր փաթեթով. Լարիսա Ալավերդյան
«Ես գտնում եմ, որ Լավրովի այցը Հայաստանի դիվանագիտական մի քայլ է, որով Ռուսաստանը կփորձի մեզ՝ հայերիս, մոռացնել տալ այն ամենը, ինչը տեղի ունեցավ ապրիլի սկզբի օրերին, հստակ ցույց տալով, որ ռուսական կողմը մեր երկրի ներքին կյանքում դեռ կարողանում է մեծ դերակատարություն ունենալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանի կարծիքով` Ռուսաստանից որևէ օգնություն ակնկալելը մեր կողմից պարզապես միամտություն կլինի: Մենք ոչ մեկից, ոչ մի սպասելիք չպետք է ունենանք:
«Մեր խնդիրը ներսում է, ուստի ինքներս պետք է մշակենք նոր ու հստակ պլաններ, որով կկարողանանք տարիներ շարունակ մեր առջև ծառացած այս խնդիրը հօգուտ մեզ լուծել:
Պետք է փոխվի նաև Մինսկի խմբի կողմից ներկայացված բանաձևերի ֆորմատը: Պետք է շրջանառության մեջ դրվի իրավա-քաղաքական մի նոր փաթեթ, որով ոչ թե ժամանակավորապես կդադարեցվի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, այլ հստակ և մեկընդմիշտ լուծում կստանա այս հարցը»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանը նշեց նաև, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը պետք է օրակարգային հարց դառնա: