Ադրբեջանը ընդունում է Հայաստանի ներկայիս ղեկավարության առաջ մղած «Իրական Հայաստանի» հայեցակարգը. Հաջիև
Հայաստանը պետք է գոյություն ունենա իր միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում, այլ ոչ թե հենվի իրականությանը չհամապատասխանող պատմական մեկնաբանությունների վրա։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ Բաքվի մշակույթի և մեդիայի հարցերով երկխոսության հարթակի շրջանակում կազմակերպված «Խաղաղության լեզուն և ապատեղեկատվության դեմ պայքարը» հատուկ նիստում։
Հաջիևը նշել է, որ Բաքուն և Երևանը համաձայնեցրել են խաղաղության օրակարգը։ Միևնույն ժամանակ, հայկական կողմի վերջին հայտարարությունները ցույց են տվել, որ երկու երկրների մոտեցումները կարող են տարբերվել։
«Մենք շարունակում ենք մտահոգված լինել հայկական հասարակության մեջ ռևանշիզմի դրսևորումներով։ Մենք նաև տեսնում ենք, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը առաջ է մղում «Իրական Հայաստանի» հայեցակարգը։ Մենք սա ի գիտություն ենք ընդունում և կարծում ենք, որ Հայաստանը պետք է գոյություն ունենա իր միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում, այլ ոչ թե հիմնվի իրականությանը չհամապատասխանող որոշակի պատմական մեկնաբանությունների վրա», — ասել է նա։
Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանն ակնկալում է, որ հայկական հասարակության մեջ կգտնվեն մարդիկ, որոնք ներողություն կխնդրեն ադրբեջանական ժողովրդից։
«Խաղաղության շուրջ նախնական պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել։ Սակայն ես համոզված եմ, որ յուրաքանչյուր ադրբեջանցի, հատկապես նա, ով վտարվել է իր հողից, 30 տարի ապրել է որպես փախստական կամ հարկադիր տեղահանված, ենթարկվել է էթնիկ զտման, հայկական կողմից ներողություն է ակնկալում։ Անկասկած, սա պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման և խաղաղության հաստատման ավելի լայն գործընթացի մաս», — հավելել է Հաջիևը։