Երևան-Աշտարակ ճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, երրորդ երեխան կվիրահատվի
Երևան – Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար: Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Անահիստ Ավանեսյանը։
«Մյուս երկու երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկին պատրաստում են պլանային վիրահատության:
Ցավոք, տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ժամը 19։19-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան զոհեր և տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «MAZ» մակնիշի բեռնատարը։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է երկու, տուժել՝ հինգ քաղաքացի․ վերջիններս հոսպիտալացվել են։
Զոհվածներն ամուսիներ են, իսկ հոսպիտալացվածները՝ նրանց երեխաները։
«Նման ողբերգական դեպքերը պետք է սթափեցնեն մեզ բոլորիս: Ցավոք, ճանապարհատրանսպորտային (ՃՏՊ) երթևեկության կանոնների պահպանման և, հատկապես, երեխաների անվտանգության ապահովման հարցում լրջագույն խնդիրներ ունենք:
Երեխաները պետք է երթևեկեն իրենց տարիքին և հասակին համապատասխան մանկական անվտանգության նստատեղերում կամ սահմանված տարիքից սկսած` ամրագոտիներով պատշաճ ամրակապված։
Սիրելի՛ քաղաքացիներ, խնդրում եմ բացառե՛ք երեխաներին առջևի նստատեղին նստեցնելը և, առհասարակ, առանց ամրագոտի երթևեկելը»,- գրել է Ավանեսյանը։
ՃՏՊ տարրական կանոններին հետևելը մեզ և մեր երեխաներին պաշտպանելու և ողբերգություններից խուսափելու համար են: