Հանգստի մեջ գտնվող ոստիկանը հեռու է ապրում. 10 րոպեում նրա տեղ հասնելը գերօպերատիվ աշխատանք է. ՆԳ նախարարը՝ Շաքիի դեպքի մասին
«Սիսիանի մեր ամբողջ բաժինը տեղում է եղել, ուղղակի կինը ունեցել է տվյալ համայնքային ոստիկանի բջջային հեռախոսահամարը։ Ստացվում է, որ մեր այն քաղաքականությունը, որ դու ճանաչես քո համայնքային ոստիկանին, ցանկանաս, որ քեզ հետ պատահածը իրեն հայտնած լինես, այս դեպքում կլասիկ տարբերակով աշխատել է»,- ԱԺ միջանցքում տված ճեպազրույցի աժամանկ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի զինվորի պատճառով Շաքիում տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք, որ շաքեցի Անի Ավետիսյանը հայտնել էր, որ ոստիկանությանը ահազանգելուց հետո ինքը ավելի շուտ էր հասել իր տուն, քան ոստիկանները կգային։
Նախարարը բացատրեց, որ այդ համայնքային ոստիկանը նախորդ օրը հերթապահել էր և ադրբեջանցի զինծառայողի հետ կապված դեպքի օրը պետք է գտնվեր հանգստի մեջ։
«Ահազանգը ստանալուց չանցած 10 րոպե, ոստիկանն արդեն եղել դեպքի վայրում, երբ դեպքն արդեն տեղի է ունեցած եղել»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ սկսված քննության արդյունքում ժամային ավելի ճիշտ տվյալներ կտան։
Նախարարը վստահեցրեց, որ տիկին Անին ոստիկանին զանգահարել է այն ժամանակ, երբ արդեն եղել է տան մոտակայքում, իսկ ոստիկանն ավելի հեռու է եղել։
«Հանգստի մեջ գտնվող ոստիկանը Սիիսնի բաժնից բավականին հեռու է բնակվել և այն, որ տնից դուրս գալուց չանցած 10 րոպե հասնելը, իրենից գերօպերատիվ աշխատանք է ենթադրում»,- ասաց Սարգսյանը և պատմեց, որ տեղ հասնելուց հետո ոստիկանը տղային հորդորել է զանգահարել 911, որպեսզի օգնող ուժեր գան։
Նա վստահեցրեց, որ 911 զանգելուց հետո 10 րոպեի ընթացում օպերատիվ խումբը եղել է տեղում և նրանց աշխատանքի արդյունքում է հայտնաբերել ադրբեջանցին։