Վիեննայի միջազգային փառատոնը որոշել է նոր հրավեր ուղարկել արgախյան համույթներին
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության չեղարկման շուրջ ստեղծված իրավիճակում արձանագրվել է նոր զարգացում։ Այս մասին հայտնում են «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ից։
«Համաշխարհային փառատոնային ասոցիացիան՝ World Festival Association (WOFA), «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ին հասցեագրված պաշտոնական գրությամբ հայտնել է, որ կազմակերպչական կոմիտեն արտահերթ նիստում քննարկել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության չեղարկման հարցը և որոշում է ընդունել նոր հրավեր ուղարկել համույթներին՝ 2027 թվականի մարտին Վիեննայում կայանալիք փառատոնին մասնակցելու համար։
Կազմակերպիչը նաև ընդգծել է մշակութային համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և հայտնել, որ մինչև 2027 թվականի մարտը ակնկալում է Եվրոպական միությունից համապատասխան ուղեցույցներ ստանալ նման իրավիճակներում գործելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ WOFA-ն համույթների մասնակցության չեղարկումը բացատրել էր որոշ դիվանագիտական ներկայացուցիչների փոխանցած մտահոգություններով՝ կապված ՀԿ-ի ենթադրյալ «անջատողական գործունեության» հետ։ Սակայն կազմակերպչի ներկայացրած պարզաբանումներում չեն նշվել այդ ներկայացուցիչները, մեղադրանքների փաստական հիմքերը և դրանց ազդեցությունը չեղարկման որոշման վրա։
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն ողջունում է WOFA-ի որոշումը և այն գնահատում որպես մշակութային իրավունքների պաշտպանության ուղղությամբ կարևոր, սակայն դեռևս մասնակի արդյունք։ ՀԿ-ն հարցը սպառված չի համարում, քանի դեռ չեն պարզաբանվել այն անհիմն մեղադրանքները, որոնց հիման վրա մշակութային համույթները զրկվել են մասնակցությունից։ Մշակույթը չի կարող լինել դիվանագիտական ճնշման առարկա։
ՀԿ-ն շարունակում է պահանջել՝
-
Պարզաբանել, թե որ դիվանագիտական ներկայացուցիչների կողմից են ներկայացվել ՀԿ-ի գործունեության վերաբերյալ մեղադրանքները։
-
Ներկայացնել այդ մեղադրանքների փաստական հիմքերը և պարզաբանել, թե ինչպես են դրանք ազդել մասնակցության չեղարկման որոշման վրա։
-
Ապահովել երկու համույթների՝ 2027 թվականի մարտին կայանալիք փառատոնին մասնակցության պայմանների հստակությունն ու թափանցիկությունը՝ երաշխավորելով արդար, հավասար և խտրականությունից զերծ վերաբերմունք։
Կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում բոլոր լրատվամիջոցներին, լրագրողներին, հանրային գործիչներին և միջազգային գործընկերներին, որոնք արձագանքել են խնդրին և աջակցել դրա բարձրաձայնմանը։
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն պատրաստակամ է շարունակելու կառուցողական համագործակցությունը WOFA-ի և միջազգային մշակութային կառույցների հետ՝ մշակութային իրավունքների պաշտպանության, գեղարվեստական ազատության, փոխադարձ հարգանքի և թափանցիկության սկզբունքների հիման վրա»,- նշված է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի հայտարարության մեջ։