Պարզվել է «Չայնիի» ոլորաններում խոշոր ու շղթայական ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 127 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում խոշոր ու շղթայական ավտովթարի փաստով, հաղորդում է Shamshyan.com—ը, որը նաև տեսանյութ է ներկայացրել։
Քննչական բաժնում պարզվել է, որ «Lamborghini Urus» մակնիշի «88 XO 888» համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 40-ամյա Պետրոս Հովհաննիսյանը, «Toyota Land Cruiser»-ը վարել է Երևանի բնակիչ 40-ամյա Անդրանիկ Աբովյանը, «Hongqi»-ն վարել է Հրազդանի բնակիչ 26-ամյա Նարեկ Թադևոսյանը, իսկ «BYD»-ն վարել է Երևանի բնակիչ 42-ամյա Միքայել Ավանեսյանը։
Վթարի հետևանքով «Lamborghini Urus»-ի վարորդ Պ․ Հովհաննիսյանը, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 36-ամյա Արամ Աբովյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, մյուս ուղևոր 8-ամյա Նարեկ Ա․-ն տեղափոխվել է «Ուիգմոր կանանց և երեխաների» բժշկական կենտրոն, իսկ «Hongqi»-ի վարորդ Ն․ Թադևոսյանը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարից հետո մինչ կժամանեին պարեկները, «Lamborghini Urus»-ի վրայից համարանիշները հանել էին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, բախվել էին «Lamborghini Urus», «BYD», «Toyota Land Cruiser» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս էր, տեղափոխվել էին Աբովյանի և Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի հետևանքով դեպի Երևան ընթացող ճանապարհահատվածին մոտ 4 կմ խցանում էր առաջացել, քանի որ վթարված ավտոմեքենաներից 3-ը հայտնվել էին ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Lamborghini Urus»-ը բախվել էր ծառին։