Ընդդիմությունը պետք է հասարակությանը ներկայացնի այլընտրանքային պետական օրակարգ․ Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՏԻՄ ընտրություններից անդին...
Այս իրավիճակում խորհրդարանական ընդդիմությունը պետք է գործի ոչ թե որպես իշխանության հերթական քաղաքական մրցակից, այլ որպես պետական շահի պաշտպանության ինստիտուցիոնալ ուժ։ Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունը կապում է Հայաստանի պետականության հարատևության, «խաղաղության համաձայնագրի» և նույնիսկ իր քաղաքական առաքելության շարունակության հետ։
Հետևաբար ընդդիմության պատասխանը պետք է լինի իրավականորեն հիմնավորված, քաղաքականապես կոշտ և ռազմավարական առումով հաշվարկված։
Իմ գնահատմամբ՝ ընդդիմությունը չպետք է սահմանափակվի ո՛չ հայտարարություններով, ո՛չ էլ պարզապես «ոչ» ասելով։
Այն պետք է հասարակությանը ներկայացնի այլընտրանքային պետական օրակարգ։
Թույլ չպիտի տա, որ իշխանությունը սեփական քաղաքական օրակարգը ներկայացնի որպես պետականության փրկության միակ ճանապարհ։
Պետք է փաստարկներով վիճարկի իշխանության հիմնավորումները, ոչ թե պարզապես կրկնի, որ դեմ է փոփոխությանը։
Ընդդիմությունը հրապարակային քննարկումներով, մասնագիտական եզրակացություններով և հստակ պատասխաններով՝ հատկապես պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանադրական շարունակականության և ազգային իրավունքների պաշտպանության հարցերում, պետք է ցույց տա այլընտրանքի հիմնավորումները։
Միաժամանակ պետք է տարբերակել երկու բան՝ արտաքին կողմի քաղաքական դիրքորոշումը և իրավական պարտավորությունը։ Դրանց նույնացնելը ճիշտ չէ, բայց արտաքին պահանջների ազդեցությունը սահմանադրական գործընթացի վրա պետք է բացահայտորեն քննարկվի։
Ոչ մի պարագայում չթողնել, որ արտահերթ ընտրությունների սպառնալիքը վերածվի քաղաքական ճնշման գործիքի։
Փաշինյանն արդեն իսկ արտահերթ ընտրությունների հնարավորությունը կապել է Սահմանադրության փոփոխության շուրջ իր քաղաքական հանձնառության իրագործման հետ։
Ընդդիմությունը չպետք է վախենա այդ հնարավորությունից, բայց նաև չպետք է թույլ տա, որ երկրի սահմանադրական ապագան վերածվի մեկ անձի քաղաքական վստահության հանրաքվեի։
Նրա դիրքորոշումը պետք է լինի հստակ. ընտրությունները ժողովրդավարական գործիք են, ոչ թե միջոց՝ հասարակության վրա ճնշում գործադրելու կամ բարդ պետական հարցերը մեկ անձի շուրջ կենտրոնացնելու համար։
Եթե արտահերթ ընտրությունների հարցն իսկապես առաջանա, ընդդիմությունը պետք է ունենա միասնական քաղաքական նվազագույն օրակարգ, հանրությանը հասկանալի առաջարկներ և իշխանափոխությունից անդին պետական կառավարման հստակ ծրագիր։
Արցախի հարցը չթողնել սահմանադրական քննարկումներից դուրս։
Սա հատկապես կարևոր է։
Խորհրդարանական ընդդիմությունը պետք է հստակ ցույց տա, թե նոր Սահմանադրության առաջարկվող դրույթներն ինչ կործանարար ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի ազգային շահերի, Արցախի ժողովրդի իրավունքների, բռնի տեղահանված արցախահայության վերադարձի իրավունքի պաշտպանության և Արցախի հարցի քաղաքական շարունակականության վրա։
Արցախի հարցը չպետք է զոհաբերվի որևէ կեղծ խաղաղության համաձայնագրի քաղաքական նպատակահարմարությանը։
Պետք է գործել համակարգված, ոչ թե առանձին քաղաքական հաշվարկներով։
Անհրաժեշտ է ձևավորել ընդհանուր դիրքորոշում։
Սա չի նշանակում, որ ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն ամեն հարցում կամ հրաժարվեն իրենց քաղաքական տարբերություններից։ Նրանք պետք է կարողանան համաձայնության գալով պետության կենսական շահերի շուրջ, Խորհրդարանը դարձնեն քաղաքական և իրավական վերահսկողության իրական հարթակ։
Ընդդիմությունը պետք է օգտագործի խորհրդարանական բոլոր օրինական գործիքները։
Պետք է տեղափոխվել քաղաքական կարգախոսներից դեպի փաստեր, իրավական դրույթներ և պետական շահի չափելի չափանիշներ։
Անթույլատրելի է պարզապես դեմ լինել ամեն ինչին և այդպիսով իշխանությանը հնարավորություն տալ իրեն ներկայացնելու որպես միակ ուժ, որն ունի ապագայի ծրագիր։
Անթույլատրելի է իշխանության օրակարգին արձագանքել նրա սահմանած կանոններով՝ անընդհատ արդարանալով, պաշտպանվելով և ուշացած հայտարարություններ անելով։
Ընդդիմությունը պետք է ինքը սահմանի քաղաքական օրակարգը։ Այն պետք է հստակ ասի՝ ինչպիսի պետություն է ուզում, ինչ սահմանադրական սկզբունքներ է պաշտպանում, ինչպես է պատկերացնում խաղաղությունը և ինչպիսի քաղաքականություն է առաջարկում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։
Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն քննադատություն, այլև այլընտրանքային պետական ծրագիր։
Եվ ի վերջո
Խորհրդարանական ընդդիմությունը չպետք է թույլ տա, որ Սահմանադրության փոփոխության հարցը ներկայացվի որպես ընտրություն՝ Փաշինյանի քաղաքական առաքելության և Հայաստանի պետականության գոյության միջև։ Այդ երկուսը նույնացնելն արդեն իսկ քաղաքական մանիպուլյացիա է։