Հութիները շարունակում են բալիստիկ հրթիռներով հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ հարված է հասցրել Էր Ռիադում գտնվող Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
«Եմենի հութիները հայտարարել են, որ հարձակվել են Էր Ռիադում գտնվող Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի վրա»,- հաղորդում է գործակալությունը: «Ռոյթերս»-ը նշում է, որ Սաուդյան Արաբիան դեռևս չի հաստատել հարձակման մասին տեղեկությունը։
Հութիների և Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարական բանակի միջև ռազմական հակամարտությունը վերսկսվել է հուլիսի կեսերից՝ չորս տարվա դադարից հետո։ Այդ ընթացքում հութիներին հաջողվել է վերահսկողություն հաստատել Կարմիր ծովի ամբողջ արևմտյան ափի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի մերձակայքում գտնվող քաղաքների նկատմամբ։