Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտել
Լեհաստանում ավարտել են չճանաչված թռչող օբյեկտի վեցօրյա որոնումները, որի աղմուկը լսել էին Լյուբլինի շրջակայքի բնակիչները։ Չնայած տասնյակ զինծառայողների մասնակցությանը և ռազմական ուղղաթիռի կիրառմանը՝ օբյեկտի որևէ հետք հայտնաբերել չի հաջողվել, հայտնել է RMF24-ը։
Տեղի բնակիչների առաջին հաղորդումները ստացվել են կիրակի լույս երկուշաբթի գիշերը, մոտավորապես ժամը երկուսին։ Մարդիկ պատմում էին թռչող օբյեկտի բարձր ձայնի մասին, սակայն պայթյուն չէին լսել և շենքերի վնասվածքներ չէին նկատել։
Որոնողական գործողությանն ամեն օր ներգրավվել են Լեհաստանի Տարածքային պաշտպանության ուժերի ավելի քան 30 զինծառայողներ։ Նրանք զննել են Լյուբլինի մոտ գտնվող Զեմբոժիցկու ջրամբարի շրջակայքը, ինչպես նաև քաղաքի հարավային տարածքները, այդ թվում՝ S19 արագընթաց մայրուղու հարևանությամբ գտնվող Նեդժվիցա-Դուժա գմինայի տարածքը։ Գործողության առաջին օրերին օգտագործվել է ռազմական ուղղաթիռ։
Լեհաստանի զինված ուժերի տեսակների օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ մասնագետները ստուգել են ռադիոլոկացիոն դիտարկումների տվյալներն ու բնակիչների հաղորդումները։ Հնարավոր բացատրությունների թվում դիտարկվել են օդերևութաբանական երևույթները, մաքսանենգ գործունեությունը և սադրանքները։
Միևնույն ժամանակ, Լեհաստանի օդային տարածքի խախտման հաստատումներ չեն ստացվել։ Ուրբաթ օրը՝ վեց օր որոնումներից հետո, գործողությունը պաշտոնապես ավարտվել է։