Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին
Երեկ՝ հոկտեմբերի 23-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի Արտենի գյուղից, որտեղ բնակիչները դատապարտել էին թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի Զորավար Անդրանիկի հատուկ քարերով ստեղծված նկարը հեռացնելը։
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ինչպես տեղից հայտնում է Շամշյանը, ողջ գյուղը մի մարդու նման արդեն որոշել է, որ լեգենդար Անդրանիկ Զորավարի՝ դպրոցի մուտքից հեռացված նկարը տեղադրվելու է գյուղի Զորավար Անդրանիկի անունը կրող փողոցի մոտ՝ գյուղի մշակույթի տան պատի այն հատվածում, որտեղ սովետական տարիներին եղել է Վլադիմիր Իլյիչ Լենինի նմանատիպ մեծադիր նկարը։
Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, հատուկ տեխնիկայի միջոցով նկարը հեռացվել էր, ինչը բնակիչների մոտ զայրույթ էր առաջացրել, նույնիսկ սպառնում էին դիմել կտրուկ միջոցների՝ փակելով ճանապարհներ, սակայն ձեռնպահ էին մնում, սպասում էին՝ տեսնելու, թե ինչ են որոշել անել Անդրանիկի մեծադիր նկարի հետ։
Գյուղացիները նաև առաջարկում էին, որ եթե դպրոցից հեռացրել են, գոնե այն տեղադրեն գյուղում՝ արցախյան պատերազմներում նահատակված հերոսների այգում։