Զինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհին
ՀՀ պաշտպանության նախարարության՝ 23.10.2026 թ. պաշտոնական հաղորդումից տեղեկանում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր։
Այցի ընթացքում Կարեն Բրուտյանն ուսումնասիրել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները, ծանոթացել զորամասերում ծառայության կազմակերպման ընթացքին, ինչպես նաև հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարմանը՝ հերթական անգամ հրապարակելով այցի լուսանկարները։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը պարբերաբար անդրադառնում է պաշտպանության նախարարության ղեկավար կազմի՝ զորամասեր այցելությունների ընթացքում արձանագրվող բացթողումներին ու թերություններին, որոնք, դատելով հրապարակված լուսանկարներից, չեն վրիպում մեր ուշադրությունից։
Այս անգամ ևս անհրաժեշտ ենք համարում ներկայացնել մեր դիտարկումները, քանի որ կարծում ենք, որ բարձրացված հարցն անմիջականորեն առնչվում է զինված ուժերում կարգապահության ամրապնդման խնդրին։
Զորամասեր այցելելիս նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը կրում է նոր նմուշի դաշտային զինվորական համազգեստ, այն էլ՝ առանց գլխարկի։
Դեռևս նպատակահարմար չենք համարում անդրադառնալ այն հարցին, թե ինչ իրավական կարգավորման հիման վրա է պաշտպանության նախարարության հանրային ծառայության քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձը կրում զինվորական համազգեստ։ Մեր դիտարկման հիմնական առարկան այլ է․ նա համազգեստը կրում է առանց գլխարկի՝ այդպիսով, ըստ էության, խախտելով դրա կրման սահմանված կարգը և զինծառայողներին վատ օրինակ ծառայելով։
Միաժամանակ նպատակահարմար ենք համարում անդրադառնալ նաև կարգապահության վրա ազդող՝ իրավական ակտերով ամրագրված այն փոփոխություններին, որոնք, մեր գնահատմամբ, իրականացվել են նորաձևության թելադրանքով և հանգեցրել զինծառայողների արտաքին տեսքի տարբերակման։ Մասնավորապես՝ սահմանված կարգով սպաները դաշտային համազգեստը շարքից դուրս կրում են առանց գոտու, մինչդեռ ենթասպաներն ու շարքայինները՝ գոտիով։
Սպայական անձնակազմին դաշտային զինվորական համազգեստն առանց գոտու կրելու հնարավորություն տալու դեպքում, կարծես, անտեսվել է մի պարզ, բայց կարևոր հանգամանք․ դաշտային համազգեստով ծառայության վայր ներկայացող սպան ցանկացած պահի պետք է պատրաստ լինի ստանձնելու մարտական առաջադրանք, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ստանալու հաշվեցուցակային զենքը՝ ատրճանակը, ինչպես նաև զինվորական հանդերձանքի այլ պարագաներ, օրինակ՝ ջրի ֆլյագան և այլն, դրանք գոտուն ամրացնելու միջոցով, ու անհապաղ զբաղեցնելու իր տեղը շարքում։
Արտակարգ իրավիճակներում զինծառայողը ժամանակ չի ունենալու գոտի փնտրելու կամ անհրաժեշտ պարագաները կրելու համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու։
Ավելին՝ կարգապահության տեսանկյունից սպայական անձնակազմը պետք է օրինակ ծառայի իր ենթականերին ոչ միայն ծառայողական պարտականությունների կատարմամբ, այլև զինվորական կարգուկանոնի և զինվորական համազգեստի կրման կարգի պահանջների պահպանմամբ։ Մինչդեռ, մեր գնահատմամբ, նորաձևության թելադրանքով իրականացվող նման փոփոխությունները ոչ թե նպաստում են կարգապահության ամրապնդմանը, այլ կարող են խորացնել առկա խնդիրները՝ բացասաբար անդրադառնալով զինված ուժերի մարտական պատրաստվածության և մարտունակության վրա։
Հետևաբար, պաշտպանության նախարարության ղեկավար կազմից ակնկալում ենք, որ զինվորական համազգեստի կրման կանոններին և զինվորական կարգապահությանն առնչվող որոշումները կգնահատվեն ոչ թե նորաձևության, այլ ծառայողական անհրաժեշտության, գործնական նպատակահարմարության և մարտական պատրաստվածության տեսանկյունից։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն