Իրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. Axios
ԱՄՆ հետախուզությունը տեղեկություններ ունի Իրանի՝ արտերկրում աշխատող ամերիկացի դիվանագետների և պաշտոնյաների դեմ մահափորձեր կազմակերպելու ենթադրյալ ծրագրերի մասին։
Այս մասին նշված է հոկտեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղարկված ծառայողական գրության մեջ։
Լրատվամիջոցի տրամադրության տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ Իրանը զգալիորեն ակտիվացրել է Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս ամերիկացի դիվանագետների ու պաշտոնյաների դեմ ենթադրյալ մահափորձերի նախապատրաստությունը։ Հետախուզության գնահատմամբ՝ հնարավոր հարձակումների նախապատրաստումը հասել է առաջադեմ փուլ:
Գրության մեջ նաև նախազգուշացվում է, որ Թեհրանն արդեն մշակված ծրագրեր ունի արտերկրում ամերիկացի ներկայացուցիչներին վերացնելու համար։
ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները Axios-ին հայտնել են, որ հետախուզական տվյալները Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ դեսպանատների անձնակազմի կրճատման պատճառներից մեկն են դարձել։