Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր Ռիադին
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ուժերը որսացել և ոչնչացրել են հութինների արձակած բալիստիկ հրթիռը, որն ուղղված էր դեպի Էր Ռիադ։ Այս մասին հայտնել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Թուրք ալ Մալիկին։
«Հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են ահաբեկիչ հութինների կողմից Էր Ռիադի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Միջադեպի կապակցությամբ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունն ակտիվացրել է արտակարգ իրավիճակների մասին վաղ նախազգուշացման ազգային հարթակը՝ Էր Ռիադի բնակիչներին հնարավոր վտանգի մասին ծանուցելու համար։
Ավելի ուշ գերատեսչությունը X-ում հայտնել է տագնապի չեղարկման մասին՝ նշելով, որ Էր Ռիադ քաղաքի համար վտանգն անցել է: