Իրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոց
Իրանը երբեք թույլ չի տա ամերիկյան ռազմանավերին մուտք գործել Պարսից ծոց։
Այս մասին ասվում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահիի հայտարարության մեջ։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, թե իրենք ոչնչացրել են Իրանի միջուկային օբյեկտները։ Սակայն միևնույն ժամանակ ամերիկյան կողմը կրկին ու կրկին հայտարարում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Այս հակասությունը վերջ չունի»,- Աբդոլլահիի խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի նման հայտարարությունները նախատեսված են ներքին լսարանի համար։
Իրանի գլխավոր շտաբի պետը նաև պնդել է, որ ամերիկացի զինվորականները չեն համարձակվում Հորմուզի նեղուցով մոտենալ Իրանի ծովային և ցամաքային սահմաններին։