Փաշինյանի «չիստիմ-բլիստիմ»-ը․ քաղաքական մեսի՞ջ, հանրային ուշադրության կառավարո՞ւմ, թե՞ հերթական բեմադրություն
Փաշինյանի՝ կոշիկները մաքրելու տեսանյութի տակ գրված մեկնաբանություններն ավելի խոսուն են, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Մի կողմում նրան պաշտպանող օգտատիրոջ խոսքն է՝ «Ձեր կոշիկները շատերի խղճից մաքուր է», մյուս կողմում՝ վիրավորանքների, ծաղրի ու քաղաքական մեղադրանքների տարափը։
Հատկանշական է, որ քննարկումը շատ արագ կոշիկներից տեղափոխվում է խղճի, նահատակների արյան և քաղաքական պատասխանատվության դաշտ։ Սա ցույց է տալիս, թե որքան խորն են հասարակական բևեռացումն ու նրա նկատմամբ կուտակված հակակրանքն ու անվստահությունը։ Երբ փաստարկների փոխարեն հնչում են անձնական վիրավորանքներ, արդեն քննարկումն ինչ-որ չափով արժեզրկվում է և դադարում լինել իրական քննադատություն կամ տեսարանի ճշգրիտ նկարագրություն: Այն վերածվում է շուկայական վեճի, որտեղ սևերն ու սպիտակները փորձում են պաշտպանել սեփական ճամբարը:
Ատելության այս ֆոնն այս իշխանության ձեռքբերումն է: Բայց սա իր հերթին, իսկ ի՞նչ կարող է նշանակել հենց կոշիկները մաքրելու տեսարանը։
Առհասարակ, Փաշինյանի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված նույնիսկ ամենակենցաղային գործողությունը կարող է դառնալ ինքնաներկայացման միջոց՝ ձևավորել որոշակի կերպար, գրավել ուշադրություն կամ առաջացնել քննարկում։ Սովորաբար, դրա մեջ դրված է լինում որևէ ուղերձ՝ մեսիջ, որով նա իր լսարանին ինչ-որ բան է հրամցնում:
Իհարկե, միանշանակ չենք կարող պնդել, թե այս հրապարակման հետևում կոնկրետ քաղաքական հաշվարկ կա, սակայն հարց է առաջանում, եթե սա պարզապես կոշիկ մաքրելու տեսանյութ է, ինչո՞ւ է այն հանրության մի մասի համար ինքնավստահության, մյուսի համար՝ ծաղրի, իսկ երրորդի համար՝ քաղաքական զայրույթի առիթ դարձել։
Քաղաքականության մեջ, այն էլ Փաշինյանի կողմից արված, պատահական թվացող քայլերն անգամ կարող են ծառայել ուշադրություն շեղելուն, կերպար ստեղծելուն կամ հանրային արձագանք ստուգելուն։ Իսկ երբ երկրի ղեկավար աշխատող Փաշինյանի յուրաքանչյուր հրապարակում դառնում է քննարկման առարկա, արժե ոչ միայն նայել, թե նա ինչ է անում, այլև հարցնել՝ ինչո՞ւ է դա ցույց տալիս և ո՞ւմ է ուղղված այդ ներկայացումը։
Այն կարող է ուղղված լինել թե՛ սեփական համակիրներին՝ ամրապնդելու իր կերպարը, թե՛ քննադատներին՝ հրահրելու արձագանք ու շեղելու հանրային ուշադրությունը։
Եվ, ի վերջ, իրականում Փաշինյան Նիկոլի հրապարակային «չիստիմ-բլիստիմ »-ը կարող է ցույց տալ, թե ինչպես է նույնիսկ ամենակենցաղային գործողությունը նա կարողանում վերածվել քաղաքական բեմադրության, որտեղ կարևոր է ոչ միայն արվածը, այլև այն տպավորությունը, որը նա ինքն է ցանկանում ստեղծել։