Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությանն աջակցելու համար կներգրավեն ոստիկանական ուսումնարանների կուրսանտներին
Ֆրանսիայի իշխանությունները շաբաթ օրը զանգվածային ցույցերի ժամանակ իրավապահներին աջակցելու համար կներգրավեն ոստիկանական ուսումնարանների կամավոր կուրսանտների, ուրբաթ հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
«Ազգային ոստիկանության վարչությունը դիմել է ոստիկանական ուսումնարաններին, սպաներին և կոմիսարներին՝ առաջարկելով, որ ուսուցումն ավարտող ոստիկանության կուրսանտներից կազմված կամավորները վաղը աջակցություն ցուցաբերեն երկրի տարբեր վայրերում», — ասվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ արդեն մի քանի տասնյակ մարդ կամավորագրվել է։ Սակայն կուրսանտներն անմիջականորեն չեն մասնակցի ցույցերի վայրերում հասարակական կարգի պահպանմանը, քանի որ 2022 թվականից դա արգելված է օրենքով։
Փոխարենը նրանք կզբաղվեն շենքերի պահպանությամբ և ոստիկանական բաժանմունքներում վարչական աշխատանքներով՝ ազատելով ավելի փորձառու ոստիկաններին, որոնք կմեկնեն բողոքի ցույցերի անցկացման վայրեր, հայտնում է BFMTV-ն։