Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»
Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում են ՏԻՄ ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումներ գործադրելու, նրանց հետապնդելու մասին ահազանգերը, որոնց արդյունքում նրանք հանում են իրենց թեկնածությունը։ Մեզ հետ զրույցում ճնշումների մասին բարձրաձայնել էին Իջեւանի ՏԻՄ ընտրությանը «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Լեւոն Վարդապետյանը եւ «Հայկական քվե» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը։
Մենք ուսումնասիրեցինք կուսակցությունների նախընտրական ցուցակները՝ պարզելու, թե որ կուսակցությունից քանի ինքնաբացարկ է եղել։ Պարզվեց, որ Արտաշատում «Նոր դարաշրջան» կուսակցության թեկնածուներից 4-ն է ինքնաբացարկ հայտնել, Արաքս համայնքի «Արդարություն» կուսակցությունից` 1 թեկնածու, Գավառում` «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության 4 թեկնածու, Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության 4 անդամ է ինքնաբացարկ հայտնել, Արթիկում՝ 4 թեկնածու «Ազատ դեմոկրատներ», 4 թեկնածու՝ «Ապրելու երկիր», եւ 2 թեկնածու «Հայրենիք» կուսակցությունից, Գորիսում 3 թեկնածու՝ «Ապրելու քվե» դաշինքից։ Ջերմուկում «Ապրելու երկիր» կուսակցությունից` 1 թեկնածու, Դիլիջանում «Հանրապետություն» կուսակցությունից՝ 1 թեկնածու։ Հատկանշական է, որ «Քաղպայմանագրից» ընդամենը 2 թեկնածու է ինքնաբացարկ հայտնել՝ Հրազդան եւ Եղեգնաձոր համայնքներում։