Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը՝ Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Հիշեցնենք, որ ՔՊ-ն խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն եւ չի կարող միայնակ ընդունել հանրաքվեի դրվող նախագիծը, եթե ընդդիմությունից 6 պատգամավոր չաջակցի իրենց։
Մենք հոկտեմբերի 20-ին հրապարակել էինք այն ճանապարհային քարտեզը, որով Փաշինյանը փորձելու է անցկացնել ալիեւյան սահմանադրությունը:
Գրել էինք. «Փաշինյանի եւ Ալիեւի վերջին հանդիպումից հետո կառավարությունում հատկապես ակտիվացրել են աշխատանքները նոր սահմանադրության ընդունման ուղղությամբ։ Ադրբեջանը դժգոհ է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանի թիմն այս հարցում «տեղում դոփում է»։ Փաշինյանը որոշել է, որ նոր սահմանադրության ընդունման հարցում կառավարությունը պետք է առաջնորդվի հետեւյալ ճանապարհային քարտեզով. նախ՝ հասարակության ընդդիմադիր հատվածին համոզել-ապացուցել, որ այդ փոփոխություններն իսկապես անհրաժեշտ են երկրի բարեկեցության ու զարգացման համար։ Քննարկվում է անգամ ընդդիմադիր լրատվամիջոցներով գովազդային արշավ իրականացնելու հարցը։ Երկրորդ էտապում դիմել խորհրդարանական ընդդիմությանը՝ կոչ անելով աջակցել հանրաքվեի անցկացմանը։ Մերժվելու դեպքում փորձել ընդդիմության առանձին պատգամավորների համոզել, որ անհրաժեշտ է աջակցել ՔՊ նախաձեռնությանը։ Փաշինյանը չի բացառել պատգամավորների նկատմամբ ճնշումներ գործադրելը` «պատգամավորներ գողանալը»։ Իսկ եթե այս բոլորից հետո էլ անհաջողության մատնվեն, որպես վերջին տարբերակ` գնալ արտահերթ ընտրությունների եւ խորհրդարանում ստանալ անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն ու անցկացնել նոր սահմանադրությունը։ Մեր տեղեկություններով, ժամկետներ չեն նախանշվել, բայց Փաշինյանը բոլորին կոչ է արել տեղից շարժվել»։
Այն, որ երեկ Փաշինյանը հրապարակեց այս քարտեզի որոշ մանրամասներ եւ հատկապես բարձրաձայնեց արտահերթ ընտրություններ անելու իր մտադրության մասին` չսպասելով առաջին քայլերի ձախողմանը, վկայում է այն մասին, որ նա հույս չունի, թե կկարողանա համոզել հանրությանը կամ ընդդիմությունից մարդ «գողանալ» եւ Սահմանադրությունը հանրաքվեի դնելու նախագծի համար անհրաժեշտ ձայներ ապահովել խորհրդարանում: Բայց հարց է ծագում․ ինչո՞ւ է նա համոզված, որ արտահերթ ընտրություններն այս անգամ իր համար ավելի շահեկան կավարտվեն, եւ ավելի շատ քվե կկորզեն հանրությունից ու սահմանադրական մեծամասնություն կունենան խորհրդարանում: Չէ՞ որ ակնհայտ է, որ հունիսի 7-ի ընտրություններին մեծ ջանքերի եւ ընտրական մանիպուլյացիաների գնով է ձեռք բերվել այդ 64 մանդատը: Եվ պետք է հաշվի առնել, որ համապետական ընտրությունները լուրջ ծախսերի հետ են կապված, հանրային մեծ լարում են առաջացնում, հղի են առճակատման վտանգով: Փաստորեն, իրավիճակն այնքան լուրջ է, որ պատրաստ են գնալ նաեւ նման ճանապարհով: Թերեւս հույս ունի, որ ընդդիմադիրներին բանտերը կլցնեն, հանրությանը նորից կվախեցնեն պատերազմով, կներշնչեն, որ ընտրություններով հնարավոր չէ իշխանություն փոխել, եւ հուսահատությունը կտիրի երկրում` այդ արտահերթ ընտրություններին ընդդիմադիր ուժերը չեն մասնակցի, ընտրողները քվեարկության չեն ներկայանա, իշխանամերձ ձայների շնորհիվ սահմանադրական մեծամասնության համար անհրաժեշտ ձայներ կստանա եւ Ալիեւի հանձնարարությունը կկատարի:
Այս սցենարի մասին զրուցել ենք «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դավթյանի եւ Մամիկոն Ասլանյանի հետ։
- Պարոն Դավթյան, Փաշինյանին կհաջողվի՞ ձեզ համոզել նոր սահմանադրություն ընդունելու հարցում։
- Փաշինյանն ավելի լավ է՝ թող Ալիեւին համոզի, որ իրեն ազատի իր ճիրաններից։
- Իսկ ձեզ համոզել չի՞ կարող, որեւէ պայմանով չե՞ք քվեարկի, որ ասենք․․․․
- Իհարկե՝ ոչ, դա բացառված է։ Ո՜նց եք պատկերացնում՝ հողերը, մեր հայրենիքը, պետականությունը հոժար կամքով, հեզ վարքագծով զիջող կերպարի հետ ո՞նց պետք է բանակցենք ու համաձայնության գանք։
- Այլընտրանքն արտահերթ ընտրություններն են, իսկ դուք գուցե նոր ընտրությունների դեպքում խորհրդարան չանցնեք։
- Իսկ գուցե իրե՞նք չանցնեն, այնպես չէ, որ մենք արտահերթից վախենում ենք․․․ տեսանք, թե իր պատերազմի սպառնալիքը ոնց աշխատեց, թե բա` սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե մենք սահմանադրական մեծամասնություն չունենանք։ Քանի՞ պատերազմ տեսանք այս սեպտեմբերին, մի չորս հա՞տ։
- Իսկ կուսակցությունը հայտարարություն պատրաստո՞ւմ է, որովհետեւ ընդդիմադիր շրջանակներից ձեզ կոչ են անում, որ եթե գործարքի չեք գնալու, հստակ հայտնեք ձեր դիրքորոշումը։
- Կարծում եմ՝ այո, բայց հարցը դեռ չի հասունացել այն մակարդակի, որ դիրքորոշում հայտնենք, խմբակցության քարտուղարը եւս դիրքորոշում հայտնել է, դա եւս կարելի է ընդունել դիրքորոշում։ Ես վստահեցնում եմ, որ իշխանության վախերն են մեծ, եւ իրենք «համոզել» բառը տարբեր կերպ են փորձում կիրառել։
- Հնարավոր համարո՞ւմ եք, որ ձեր ֆրակցիայից մարդագողությամբ հասնեն իրենց ուզածին։
- Իհարկե, նման վատ օրինակներ եղել են, բայց վստահեցնում եմ` մեր թիմակիցները, յուրաքանչյուր անդամ ունի ոչ միայն արժանապատվություն, թիմային մտածողություն, ղեկավարին հարգելու մոտիվ, այլեւ չի ցանկանա իր սեփական անձը հուղարկավորել։
- Բայց իշխանությունը ճնշելու տարբեր գործիքակազմ ունի։
- Այս ընթացքում այնքան են ահաբեկել մեզ, բոլորս էլ դրա միջով անցել ենք տարբեր չափով, չեմ կարծում, թե դա աշխատող գործիք է։ Ուստի Փաշինյանին չի հաջողվի մեր միջոցով Սահմանադրություն փոխել, ինքը գիտի, թե մենք ինչին ենք առարկում։
- Ինչի՞ն՝ Հռչակագրի՞ն։
- Ոչ միայն: Այդ հարցն էլ է կարեւոր, եթե չասենք` ամենակարեւորներից, բայց այնտեղ շատ հարցեր կան, ու ինքը գիտի եւ դրա համար փորձում է հանրության մոտ տպավորություն թողնել, թե ինքը շատ կառուցողական մարդ է։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանին էլ հարցրինք՝ իսկ եթե Փաշինյանը պատերազմով սպառնա, որ եթե նոր սահմանադրություն չընդունվի, Ալիեւը պատերազմ կհայտարարի, էլի՞ չեն համոզի ձեզ: Նա ասաց. «Իհարկե՝ ոչ, մենք ունենք մեր օրակարգը, դրանով ենք շարժվում եւ որեւէ մեկի հետ որեւէ հարցում պայմանավորվելու բան չունենք։ Եթե իշխող ուժը եւ ինքն ուզում են գնալ արտահերթ ընտրությունների` իրենց խնդիրն է, թող որոշեն ու գնան: Մենք պատրաստ ենք ցանկացած ձեւաչափով մեր օրակարգն առաջ տանել։ Իսկ մեզնից կախված չէ` պատերազմ կլինի, թե չէ, որովհետեւ նախորդ երեք պատերազմները բերել են ՔՊ-ն եւ իր ղեկավարը, եւ մեզնից որեւէ բան կախված չի եղել»։ Բայց այս անգամ Փաշինյանն ասելու է, որ եթե նոր սահմանադրություն չընդունեք, պատերազմ է լինելու։ «Այդ նույն հաջողությամբ կարող է ասել, որ եթե մենք՝ բոլորս, մազներս կարմիր չներկենք, Ալիեւը պատերազմ կհայտարարի: Այդ խնդիրներն իր իրավասության շրջանակներում են` թող լուծի։ ...Ես նաեւ վստահ եմ, որ մեր ֆրակցիայում Ձեր ասած մարդագողությունը չի լինի»։