Երևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմները
Միջոցառման ընթացքում ոլորտի առաջատար միջազգային և տեղական փորձագետներն ու մասնագետները ներկայացրել են բնապահպանական և բնական ռեսուրսներին առնչվող վեճերի կանխարգելման և լուծման գործնական գործիքները, միջազգային փորձն ու լավագույն մոտեցումները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հաշտարարության, միջազգային արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների կիրառման հնարավորություններին։
Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձել են շահագրգիռ կողմերի միջև համագործակցության խթանմանը, տարբեր և երբեմն հակասող շահերի համադրմանը, ինչպես նաև պետությունների, ներդրողների և տեղական համայնքների մասնակցությամբ բնապահպանական վեճերի արդյունավետ լուծման առանձնահատկություններին։
Անդրադարձ է կատարվել նաև հաշտարարության գործնական մեթոդներին, բնապահպանական վեճերում գիտական և տեխնիկական փորձագիտական գիտելիքների դերին, ինչպես նաև ձեռք բերված համաձայնությունների երկարաժամկետ իրագործման և շրջակա միջավայրի պահպանության ապահովման հարցերին։
Միջոցառման նպատակն էր խթանել համագործակցային և կայուն լուծումների կիրառումը՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանությանը, բնական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և կայուն զարգացմանը։
Միջոցառումը կազմակերպվել էր Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի, «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ: