Կիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունը
Կիպրոսի ոստիկանությունը սկսել է «Չելսի» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործունեության և հարկային գործարքների հետաքննությունը նրա օֆշորային ընկերությունների մասին լրագրողական հետաքննության հրապարակումից հետո, գրում է The Guardian.
Ստուգումը վերաբերում է 2003–2006 թվականների իրադարձություններին և, ինչպես սպասվում է, կտևի մոտ վեց ամիս, խորհրդարանական կոմիտեի նիստում հայտնել է Կիպրոսի ոստիկանության ներկայացուցիչը։
Ըստ Հանցավորության դեմ պայքարի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեաս Անաստասիադիսի՝ իրավապահ մարմինները սկսել են ապացույցներ հավաքել հրապարակման լույս տեսնելուց հետո։ Ոստիկանները նաև մտադիր են խորհրդակցել համապատասխան գերատեսչությունների հետ՝ առկա նյութերը գնահատելու համար։ Անաստասիադիսը նշել է, որ ենթադրյալ իրադարձությունների վաղեմությունը կարող է բարդացնել հետաքննությունը։
Հետաքննությունը սկսվել է The Guardian պարբերականի, Լրագրողական հետաքննությունների բյուրոյի և BBC-ի համատեղ հրապարակումից հետո։ Լրագրողները ուսումնասիրել են ռուսաստանցի միլիարդատիրոջ լայնածավալ բիզնես ակտիվների կառավարմանը վերաբերող փաստաթղթերը և հանգել են այն եզրակացության, որ նրա օգնականները, այդ թվում՝ միջազգային աուդիտորական Deloitte ընկերության կիպրական ստորաբաժանման աշխատակիցները, ենթադրաբար կարող էին կեղծել Աբրամովիչի օֆշորային կառույցների վերաբերյալ փաստաթղթերը։
Ինչպես պնդում են հետաքննության հեղինակները, միլիարդավոր ֆունտ ստեռլինգների ակտիվներին առնչվող որոշ փաստաթղթեր կարող էին ձևակերպված լինել հետին թվով։ Լրագրողների վարկածով՝ դա կարող էր օգնել Աբրամովիչի ընկերություններին խուսափել հարկերի վճարումից և թաքցնել ակտիվները։ Այդ եզրակացությունները հիմք են դարձել Կիպրոսի իրավապահ մարմինների կողմից ստուգում սկսելու համար։
Աբրամովիչի ներկայացուցիչները նախկինում հերքել էին ցանկացած խախտում՝ հայտարարելով, որ գործարարը ապավինել է պրոֆեսիոնալ խորհրդատուների առաջարկություններին։ Deloitte Cyprus-ը նույնպես հայտարարել էր, որ գործում է բոլոր կիրառելի օրենքներին համապատասխան, և նշել էր, որ իրադարձությունների վաղեմության պատճառով այլևս հասանելիություն չունի համապատասխան նյութերին։
Լրագրողական հետաքննության հիմքում ընկել են Cyprus Confidential արտահոսքից ստացված ավելի քան 500 հազար փաստաթղթեր, որոնք փոխանցվել էին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին և ուսումնասիրել էին մի քանի խմբագրություններ։