Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բեռլին կատարած պաշտոնական այցի ժամանակ Գերմանիան ու Ադրբեջանը 2026 թվականի հուլիսի 21-ին ստորագրել են երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին համատեղ հռչակագիր։ Կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ հռչակագրի առանցքային թեման ոչ միայն էներգամատակարարումն ու տարանցիկ ենթակառուցվածքներն են, այլև այն ներառում է այլ ոլորտներ ևս՝ քաղաքական երկխոսություն, առևտուր և ներդրումներ, անվտանգություն և պաշտպանություն (այդ թվում՝ համագործակցություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում), մշակույթ և կրթություն, գիտություն և տեխնոլոգիաներ։ Հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է, և դրա իրականացումը պայմանավորված է ռեսուրսների առկայությամբ։ Ակնկալվում է, որ 2027 թվականին Ադրբեջանը Գերմանիային կմատակարարի տարեկան շուրջ 2 միլիարդ խորանարդ մետր գազ (Ալիևը Բեռլինում նշել է տասնամյա պայմանագրի սկզբնական ծավալը՝ 1.5 միլիարդ խմ)։ Ուղիղ խողովակաշար չկա․ գազը Եվրոպա է մտնում Իտալիայով, և Գերմանիան այն ստանում է փոխանակման (սվոփ) գործարքներով։ Ադրբեջանի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ 2025 թվականին Ադրբեջանը Եվրոպայի երկրներ է արտահանել 12.8 միլիարդ խորանարդ մետր գազ։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ այս ծավալները կարող են մեծանալ։ Համեմատության համար, Եվրոպական հանձնաժողովի տվյալների համաձայն, 2025 թվականին Եվրոպական միության երկրներն ընդհանուր առմամբ ներմուծել են 289 միլիարդ խորանարդ մետր գազ։ Այսինքն՝ Ադրբեջանի մասնաբաժինը Եվրոպական Միության գազի ներմուծման մեջ կազմում է մոտ 4 տոկոս։
Երկրորդ խնդիրը ներդրումների և տեխնոլոգիաների սահմանափակ հասանելիությունն է։ Ալիևը Բեռլինում հայտարարել է, որ գազի մատակարարումների ավելացման համար անհրաժեշտ են գնորդների հայտ և ենթակառուցվածքների ընդլայնում, և կոչ է արել եվրոպական բանկերին, մասնավորապես՝ Եվրոպական ներդրումային բանկին, վերանայել նավթագազային նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը։ Բացի այդ՝ գործող ենթակառուցվածքների թողունակությունը բավարար չէ, որպեսզի Ադրբեջանը Եվրոպայի համար համեմատաբար խոշոր մատակարար դառնա․ Ալիևի խոսքով՝ Անդրանատոլիական (TANAP) և Անդրադրիատիկ (TAP) գազամուղներն աշխատում են լրիվ հզորությամբ։
Ալիևի այցը Բեռլին քարոզչական կարևոր նշանակություն է ունեցել Ադրբեջանի ղեկավարության համար․ ներքին լսարանին այն ներկայացվում է որպես երկրի միջազգային հեղինակության աճի և դիվանագիտական հաջողության ապացույց։ Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներն այցն անվանում են «բեռլինյան հաղթանակ» և «ադրբեջանական դիվանագիտության հերթական հաջողություն»։ Գերմանիայի համար առաջնահերթ են էներգամատակարարման աղբյուրների և ուղիների դիվերսիֆիկացումն ու Եվրոպան Ասիային կապող տրանսպորտային միջանցքների զարգացումը։ Այս համատեքստում՝ ստորագրված հռչակագիրը, ըստ որոշ գնահատականների, թույլ է տալիս ներկայիս ճգնաժամային իրավիճակում բաշխել և մեղմել առկա ռիսկերը։
Հարավային Կովկասում գազի արտահանման ուղիներն ընդլայնելու համար, թերևս, Ադրբեջանը կփորձի կառուցել նոր խողովակաշար, սակայն դա ավելի կմեծացնի նրա կախվածությունը Թուրքիայից։
Եվրամիությունը գազամատակարարման և տարանցման ոլորտներում կարող է համագործակցությունն օգտագործել Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու համար։ ԵՄ-ի համար սա նաև Կենտրոնական Ասիայի, մասնավորապես՝ Ղազախստանի հետ Ռուսաստանից անկախ հաղորդակցային կապեր զարգացնելու հնարավորություն է։ Սակայն Ադրբեջանի դեպքում նման ռազմավարական նպատակի առկայությունը հաստատված չէ։ 2026 թվականի հուլիսի 13-ին Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները «լիովին կարգավորվել են»։ Ուստի՝ ավելի հավանական է, որ Բաքուն այս համագործակցությունը կդիտարկի որպես տարածաշրջանում իր քաղաքական կշիռն ամրապնդելու և տարբեր գործընկերների հետ բանակցություններում իր դիրքերն ուժեղացնելու միջոց։
«Գեղարդ» վերլուծական