COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Բնապահպանական գագաթնաժողով՝ առանց բնապահպանական երաշխիքների.
Միջազգային գագաթնաժողովի հաջողությունը չի չափվում հյուրերի թվով, ծախսված միլիոններով կամ գեղեցիկ լուսանկարներով։ Այն չափվում է մեկ պարզ հարցով՝ ի՞նչ է փոխվելու երկրում, երբ հյուրերը հեռանան, իսկ տեսախցիկներն անջատվեն։
Տասնյակ միլիոնավոր դոլարների մասին խոսող իշխանությունները պարտավոր են հանրությանը բացատրել ոչ միայն, թե ինչ տնտեսական օգուտ կստանա երկիրը, այլև՝ ի՞նչ կշահի Հայաստանի բնությունը։ Ո՞ր բնապահպանական խնդիրներն են լուծվելու, ի՞նչ է արվելու Երևանի աղտոտված օդի դեմ, և ի՞նչ կոնկրետ արդյունքներ են մնալու գագաթնաժողովից հետո։
Կենսաբազմազանության մասին միջազգային ամբիոնից խոսելը դեռևս կենսաբազմազանության պաշտպանություն չէ։ Ցավոք, իշխանությունների խոսույթում բնությունը կարծես երկրորդական է, իսկ առաջնայինը՝ տնտեսական շրջանառությունը, միջոցառման շքեղությունն ու սեփական հաջողության ցուցադրությունը։
Բայց բնապահպանական գագաթնաժողովը զբոսաշրջային տոնավաճառ չէ, իսկ պետական բյուջեն՝ փիառի դրամապանակ։ Տնտեսական օգուտը չի կարող փոխարինել միջոցառման բուն նպատակին։ Եթե միլիոններ են ծախսվում, ապա ժողովրդավարության ու թափանցիկության մասին անընդմեջ հոխորտացող իշխանությունները պարտավոր են հանրությանը ներկայացնեն ոչ թե հերթական ինքնագովազդային հաշվետվությունը, այլ չափելի բնապահպանական արդյունքներ։
COP17-ի իրական քննությունը սկսվելու է գագաթնաժողովի ավարտից հետո։ Եթե Երևանի օդն ավելի մաքուր չլինի, բնության պահպանության քաղաքականությունը չուժեղանա, իսկ բնապահպանական խնդիրները մնան չլուծված, ապա իշխանությունների ներկայացրած տնտեսական ցուցանիշները չեն կարող քողարկել իրական պատկերը։
Այստեղ կա մի կարևոր հարց ևս. եթե Հայաստանը կարողանում է արտերկրի հյուրերի ընդունման համար մոբիլիզացնել միջոցներ, կազմակերպչական ռեսուրսներ ու պետական ուշադրություն, ապա ինչո՞ւ նույն վճռականությունը չի դրսևորվում բնապահպանական խնդիրների լուծման հարցում։ Ինչո՞ւ աղտոտված օդը, բնության պահպանության թերությունները և կուտակված էկոլոգիական խնդիրները չեն դառնում նույնքան հրատապ պետական օրակարգ, որքան միջազգային միջոցառման հաջող ներկայացումը։
Կարելի է հյուրընկալել աշխարհին՝ բնության պաշտպանության մասին խոսելու համար, բայց այդպես էլ ոչինչ չանել սեփական բնությունը պաշտպանելու համար։ Եթե COP17-ից հետո Հայաստանի բնությունը ոչինչ չշահի, ապա մենք կունենանք ոչ թե բնապահպանական հաջողություն, այլ թանկարժեք միջոցառում՝ գեղեցիկ փաթեթավորմամբ և կասկածելի արդյունքով։
Արմինե Մկրտումյան