Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում է
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Խարկովի մարզի Լոզովայա քաղաքի շուկային, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Այս պահի դրությամբ հայտնի է 34 տուժածի մասին։
Հրդեհ է բռնկվել խանութի շենքում։ Վնասվել են նաև այլ առևտրային օբյեկտներ, բազմաբնակարան և առանձնատներ, ինչպես նաև մարդատար ավտոմեքենաներ։
Ուկրաինայի մայրաքաղաքում ամբողջությամբ դադարեցվել է Դնեպր գետի վրայով անցնող կարևոր տրանսպորտային ուղիներից մեկի երթևեկությունը։ Կիևի Հարավային կամրջի երթևեկությունը անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակվել է երկու ուղղություններով։ Այս մասին պաշտոնապես հայտնել են Կիևի քաղաքային ռազմական վարչությունից։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր ամփոփագրում հայտնել էր Հարավային կամրջին հասցված հարվածի մասին։