Բալիստիկ հրթիռային հարված Կիևին․ վնասվել են բենզալցակայաններ և բնակելի տներ, աճում է տուժածների թիվը
Ռուսաստանի կողմից Կիևին հասցված հրթիռային հարվածի հետևանքով տուժածների թիվը հասել է հինգի։ Այս մասին հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը։ Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։
Հարվածի հետևանքով Դնեպրի շրջանում վնասվել են մասնավոր բնակելի տներ, ինչպես նաև բենզալցակայան։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ տուժածներից մեկին՝ կնոջը, հոսպիտալացրել են։
Ուկրաինական մոնիթորինգային ալիքների տվյալներով՝ հարվածը, ենթադրաբար, հասցվել է Ս-400 զենիթահրթիռային համակարգերի համար նախատեսված հրթիռներից վերափոխված բալիստիկ հրթիռներով։
Միջադեպի ֆոնին Կիևում և Ուկրաինայի հյուսիսային շրջանների մի մասում կրկին օդային տագնապ է հայտարարվել՝ հրթիռային հարվածի սպառնալիքի պատճառով։ Ավելի ուշ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ բալիստիկ հրթիռներով նոր հարվածի վտանգն անցել է, և Կիևում օդային տագնապը չեղարկվել է։