ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի դեմ հարվածները վերսկսելու ծրագիրը
Ամերիկյան և իսրայելական զինվորականները մշակել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու կոնկրետ ծրագիր, որը կարող է իրականացվել ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ Al Jazeera-ն, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել էր, որ Վաշինգտոնն ու Թել Ավիվը մինչև նոյեմբերի սկզբին կայանալիք ընտրությունները չեն ծրագրում համատեղ հարվածներ հասցնել Թեհրանին։
Դոնալդ Թրամփը հոկտեմբերին հայտարարել էր, որ Իրանի հետ հարաբերություններում ամեն ինչ լավ է ընթանում՝ միաժամանակ բացառելով ամերիկյան ցամաքային զորքերի մուտքն Իրան։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, նախազգուշացրել էր, որ երկրի վրա նոր հարձակմանը կարող է հետևել պատասխան հարված։
Թարմացված տեղեկությունների համաձայն՝ հնարավոր թիրախների թվում կարող են լինել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները, միջուկային օբյեկտները, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զինանոցները։ Միաժամանակ, ըստ հրապարակումների, Դոնալդ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել հարվածները վերսկսելու վերաբերյալ։ Սպիտակ տունը հայտարարել է, որ չի մեկնաբանում հնարավոր ռազմական ծրագրերը