Սերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձի
Սերբիայում ձերբակալել են վեց մարդու՝ հոկտեմբերի 25-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների օրը ոստիկանության և քաղաքական ընդդիմախոսների վրա հարձակումներ նախապատրաստելու կասկածանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի Բարձրագույն դատախազությանը։
Կասկածյալներից հինգին ձերբակալել են հյուսիսային Նովի Սադ քաղաքում։ Քննության վարկածով՝ նրանք կոչ էին անում բարձրագույն պետական մարմինների բռնի տապալման և հավաքագրում էին մարդկանց, որոնց նախատեսում էին քվեարկության օրը բերել Բելգրադ՝ ոստիկանների և քաղաքական հակառակորդների վրա հարձակումներ իրականացնելու համար։
Վեցերորդ կասկածյալին ձերբակալել են Բելգրադում։
Դատախազության տվյալներով՝ նա պատասխանատու էր այսպես կոչված շարժական խմբերի նախապատրաստման համար, որոնք նախատեսված էին ֆիզիկական բախումների և բռնի գործողությունների համար։
Արտահերթ ընտրությունները նշանակվել են մոտ մեկուկես տարի շարունակված հակակառավարական բողոքի ակցիաներից հետո, որոնք գլխավորում էին ուսանողները։
Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որը անցյալ ամիս լքել է պետության ղեկավարի պաշտոնը, մտադիր է շարունակել իր քաղաքական կարիերան վարչապետի պաշտոնում։
Ակնկալվում է, որ հիմնական պայքարը կծավալվի Վուչիչի աջակցությունը վայելող թեկնածուների և ուսանողական ցուցակի միջև, որը հանդես է գալիս կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության պահպանման օգտին։