Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին՝ երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությանն առնչվող հարցեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմական հակամարտությունում իրավիճակի զարգացմանը, ինչպես նաև դրա տնտեսական և հոգեբանական բաղադրիչներին։
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նույնպես տեղեկացրել էր երկրի առաջնորդի հետ իր շփումների մասին։ Հարկ է նշել, որ միջազգային լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Մոջթաբա Խամենեին այդ պաշտոնին մարտի սկզբին ընտրվելուց հետո չի հայտնվել հանրության առաջ։
Հատկանշական է, որ Խամենեիի և ԱՄՆ-ի հետ բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավար Ղալիբաֆի հանդիպումը տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդների գործադրած ջանքերի, ինչպես նաև նոյեմբերի սկզբին ամերիկյան կոնգրեսի ընտրություններից հետո ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգությունների պայմաններում։