Վրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացի
Վրաստանը շարունակում է բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերով և հույս ունի էական առաջընթաց գրանցել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ սահմանային հարցերի շուրջ աշխատանքները շարունակվում են, և կողմերը համաձայն են, որ գործընթացը պետք է ակտիվորեն առաջ մղվի։
Կոբախիձեն անդրադարձել է նաև Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ Ադրբեջանի և Վրաստանի միջև սահմանային վեճին՝ մեկնաբանելով Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ այդ թեմային նվիրված նամակը։
Ղարիբաշվիլին, որն այժմ կալանքի տակ է, իր իններորդ նամակում պնդել է, որ Բիձինա Իվանիշվիլիի աջակցությամբ Թբիլիսի են տեղափոխվել քարտեզների բնօրինակները, որից հետո հետաքննություն է սկսվել։ Նա Ադրբեջանն անվանել է Վրաստանի բարեկամ և ռազմավարական գործընկեր՝ հույս հայտնելով, որ վեճը կլուծվի արդարացիորեն՝ բանակցությունների միջոցով։