Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել
Հորմուզի նեղուցի շրջանում՝ Օմանից դեպի արևմուտք գտնվող ջրային տարածքում նավարկող լցանավը հոկտեմբերի 21-ին խոցվել է անհայտ ծագման արկով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության՝ ծովային առևտրական գործառնությունների վարչությունը (UKMTO)։
«Վարչությունը տեղեկություն է ստացել Օմանի Բուխա քաղաքից 20 կմ արևմուտք տեղի ունեցած միջադեպի մասին։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ լցանավը խոցվել է անհայտ ծագման արկով, ինչի հետևանքով դրա վրա հրդեհ է բռնկվել»,- նշված է UKMTO-ի հաղորդագրությունում։
Նշվում է, որ հրդեհը հաջողվել է մարել, իսկ նավը խարսխված է։ Անձնակազմի անդամները չեն տուժել, շրջակա միջավայրին հասցված վնաս չի արձանագրվել։
Մինչ իշխանությունները հետաքննում են միջադեպը՝ այլ նավերի անձնակազմերին առաջարկվել է դրսևորել զգուշություն և UKMTO-ի ներկայացուցիչներին տեղեկացնել կասկածելի ցանկացած ակտիվության մասին։