COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերը
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) «Կանաչ գոտում» տեղակայված ԿԳՄՍ նախարարության տաղավարում այսօր ներկայացվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները, գիտական հետազոտությունների աջակցության ծրագրերն ու «Ակադեմիական քաղաք» նախագիծը։
Երիտասարդ այցելուներին ներկայացվել են առաջատար հետազոտություններում ուսանողների և երիտասարդ մասնագետների ընդգրկման գործուն հնարավորությունները, իսկ դպրոցականներին` «Գիտությունը դպրոցում» խորագրով միջոցառումները, որոնց թվում են Հայկական համադպրոցական գիտության փառատոնը, Գիտության շաբաթը և Եվրոպական հետազոտությունների գիշերը։
«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ներկայացվել են Հայաստանում ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ գիտակրթական միջավայրի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարության տաղավարը գործում է հոկտեմբերի 19–30-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Գիտության և բարձրագույն կրթության ոլորտի ծրագրերը կրկին կներկայացվեն հոկտեմբերի 26-ին։