Ալբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրը
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հակակառավարական բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ կատաղի բախումների։ Ցուցարարները իրավապահների ուղղությամբ նետել են դյուրավառ խառնուրդով շշեր, հրավառության միջոցներ և քարեր, իսկ ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Ցուցարարները հրկիզել են աղբամանները և փորձել ճեղքել դեպի Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի նստավայր տանող ճանապարհը։ Ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները առաջ են շարժվել քաղաքի փողոցներով։
Երկրում կառավարության դեմ բողոքի ակցիաները շարունակվում են արդեն մի քանի ամիս։ Ցուցարարները հանդես են գալիս կոռուպցիայի դեմ, պահանջում բարելավել համալսարանների պայմանները և հասնել Ռամայի հրաժարականին։ Անցած շաբաթվա սկզբին բախումները սրվեցին այն բանից հետո, երբ ուսման բարձր վարձերի դեմ պայքարող ուսանողական շարժումը նոր բողոքի ակցիաներ կազմակերպեց։
Ռաման հայտարարել է, որ ցուցարարներն անցել են կարմիր գիծը։ Նրա խոսքով՝ բողոքի իրավունք ունենալը չի արդարացնում բռնությունը, որը հանցագործություն է։
Իշխանությունների տվյալներով՝ բախումների հետևանքով տուժել է շուրջ 300 մարդ, որոնց կեսից ավելին ոստիկաններ են։