Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
Real American Freestyle (RAF Wrestling) պրոֆեսիոնալ ազատ ոճի ըմբշամարտի լիգան հրապարակել է իր առաջին pound-for-pound վարկանիշային աղյուսակները, որոնցում տեղ են գտել հայ մարզիկներ Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը։
UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը տղամարդկանց crossover վարկանիշում զբաղեցրել է երրորդ տեղը։ Այս ցանկում ընդգրկված են տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս RAF Wrestling-ում։
Վարկանիշի առաջին հորիզոնականում ամերիկացի Քոլբի Քովինգթոնն է, երկրորդում՝ օլիմպիական չեմպիոն, UFC-ի նախկին կրկնակի չեմպիոն Հենրի Սեջուդոն։ Ծառուկյանից հետո հաջորդում են UFC-ի հայտնի մարտիկներ Խամզաթ Չիմաևը և Մերաբ Դվալիշվիլին՝ համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ տեղերում։
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի տղամարդկանց ընդհանուր pound-for-pound վարկանիշում զբաղեցրել է հինգերորդ տեղը։
Ցուցակը գլխավորում է ամերիկացի օլիմպիական չեմպիոն և աշխարհի բազմակի չեմպիոն Քայլ Սնայդերը։ Երկրորդ տեղում Քայլ Դեյքն է, երրորդում՝ Դևիդ Քարը, իսկ չորրորդում՝ Ջեյսոն Նոլֆը։
Հայ ըմբիշը վարկանիշում առաջ է անցել այնպիսի հայտնի մրցակիցներից, ինչպիսիք են Ախմեդ Թաժուդինովը և Աբդուլռաշիդ Սադուլաևը, որոնք համապատասխանաբար յոթերորդ և ութերորդ հորիզոնականներում են։
Հարությունյանը նաև RAF Wrestling-ի գործող չեմպիոնն է իր քաշային կարգում։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ նա լիգայում անցկացրած երեք գոտեմարտերում էլ հաղթանակ է տարել՝ ունենալով 3-0 արդյունք։
Այսպիսով, RAF Wrestling-ի առաջին pound-for-pound վարկանիշներում Հայաստանը ներկայացնող երկու մարզիկ հայտնվել է լավագույն հնգյակում՝ տարբեր կատեգորիաներում։
Նշենք, որ Արման Ծառուկյանի հաջորդ հանդիպումը RAF Wrestling-ում նախատեսված է հոկտեմբերի 23-ին․ նրա մրցակիցը լինելու է Դիլոն Դենիսը։
Armsport