Փարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ
Փարիզում տեղի ունեցած անկարգություններից հետո մոտ 300 մարդ ներկայացել է դատավորներին, երեքշաբթի RTL ռադիոկայանի եթերում հայտնել է Փարիզի դատախազ Լոր Բեկոն։
Նա նշել է, որ Փարիզի դատախազությունը սկզբում զբաղվել է ձերբակալության 557 դեպքով։ Ձերբակալվածների 89%-ից 90%-ը չափահասներ էին։ Գործերի քննությունը շարունակվում է, այդ թվում՝ կիրակի օրը ձերբակալվածների վերաբերյալ։
Բեկոն նաև մեկնաբանել է անկարգությունների մասնակիցների հնարավոր քաղաքական դրդապատճառների հարցը։ «Իմ տրամադրության տակ գտնվող գործերի նյութերի հիման վրա՝ հետապնդվողներից ոչ ոք չի հայտարարել որևէ քաղաքական դրդապատճառի մասին»,- նշել է նա՝ պատասխանելով ծայրահեղ ձախ ակտիվիստների, արվարձանների բնակիչների և դպրոցականների հնարավոր մասնակցության մասին հարցին։
Երկուշաբթի Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել էր, որ երկրի բոլոր դատախազություններին հանձնարարել է նման գործերը դիտարկել կազմակերպված հանցավորության տեսանկյունից։ Դա հնարավորություն կտար կալանքի ժամկետը 48 ժամից երկարացնել մինչև 72 ժամ։ Սակայն, ըստ Բեկոյի, Փարիզում արագացված ընթացակարգով քննված գործերում, որը կիրառվում է հանցագործության կատարումից անմիջապես հետո կասկածյալի ձերբակալման դեպքում, նման մոտեցում չի կիրառվել։
Դատախազը կոչ է արել ականատեսներին իրավախախտումների տեսագրությունները փոխանցել ոստիկանությանը։ Ըստ նրա՝ այդ նյութերի վերլուծությունը հնարավորություն կտա պարզել հանցագործների ինքնությունը, այդ թվում՝ նրանց, ովքեր ծանր հանցագործություններ կատարելուց հետո լքում են Փարիզը։
Բեկոն նշել է նաև, որ ոստիկանության մասնագիտացված աշխատակիցները հետևում են այն մարդկանց, որոնք փորձում են շահույթ ստանալ ուրիշների դժբախտությունից՝ համացանցային հարթակների միջոցով վերավաճառելով ջարդերի ընթացքում գողացված ապրանքները։