«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյային
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման հաղորդման հիման վրա 2026 թվականի օգոստոսի 7-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի պաշտոնատար անձը 2026 թվականի հունիսի 07-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ընտրելու իրավունք ունեցող երեք անձանց տրամադրել է առավելություն:
Վերջինս, մասնավորապես, կազմել և տրամադրել է տեղեկանքներ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից տրամադրվող էլեկտրաէներգիայի սպառման ամսական ամսական 500կՎտ ժամ ծախսի սուբսիդավորման արտոնությունից օգտվելու նպատակով, իսկ մյուս դեպքում՝ տրամադրել է բովանդակությամբ կեղծ՝ անասնապահությամբ զբաղվելու վերաբերյալ տեղեկանք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից վարկի տոկոսագումարի լրացուցիչ սուբսիդավորման պահանջով բանկում գյուղատնտեսական վարկ ձևակերպելու եղանակով ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով։
Համայնքապետարանի պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագով), 445-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագով) և 46-255-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագով): Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որը մասնակի բավարարվել է, և որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Քրեական գործը 2026 թվականի հոկտեմբերի 2-ին հանձնվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: