Աբսուրդ ձևով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. Հայկ Ֆարմանյան
«Ըստ էության, մենք կապիտալի շուկա չունենք։ Բաժնետոմսն է բնութագրում կապիտալի շուկան։ Ըստ էության, մենք չգիտենք նաև մեր տնտեսության գինը։ Դրա շրջանակներում է, որ աբսուրդ ձևով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար, ոչ թե շուկայական գնով, այլ չգիտեմ՝ ինչ մեթոդաբանությամբ»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։
Նա նաև նշեց, որ վերջին ժամանակաշրջանում, պայմանավորված քաղաքական ինչ-որ հետապնդումներով, փակվել են 60-ից ավելի ընկերություններ, բիզնեսներ։
Այնուհետև Հայկ Ֆարմանյանը հարց ուղղեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ՔՊ կողմից առաջադրված թեկնածու Սևակ Միքայելյանին. «Դուք այն կարծիքին չե՞ք, որ եթե այս փակված ընկերությունները լինեին բաց բաժնետիրական ընկերություններ և ունենային բազմաթիվ բաժնետերեր, ավելի պաշտպանված կլինեին։
Եթե այո, ի՞նչ քայլեր եք տեսնում կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ, որը գործնականում այսօր գոյություն չունի»։