Goldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասին
Տնտեսագետները նախազգուշացնում են, որ Եվրոպան վտանգում է բախվել 2010 թվականի պարտքային ճգնաժամի կրկնությանը, որը հանգեցրել էր լայնածավալ ֆինանսական աջակցության մի շարք ծրագրերի և սպառնալիքի տակ էր դրել միասնական արժույթի գոյությունը։
Goldman Sachs-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ եվրագոտում նոր պարտքային ճգնաժամի վերաբերյալ մտավախություններն ուժեղանում են հսկայական բյուջետային դեֆիցիտների, ֆինանսական շուկաների խոցելիության և քաղաքական անորոշության պատճառով, գրում է Telegraph-ը։
«Նախորդ ճգնաժամի ժամանակահատվածի համեմատ պարտքի սկզբնական մակարդակն ավելի բարձր է, կառուցվածքային ծախսերի ճնշումն ավելի ուժեղ է, իսկ պարտատոմսերի եկամտաբերությունն արագ աճում է»,- նշել են տնտեսագետները։
Ըստ նրանց՝ այդ խնդիրները հատկապես սուր կերպով դրսևորվում են Ֆրանսիայում։
2010 թվականի պարտքային ճգնաժամը բռնկվեց, երբ մի քանի երկրներ, դրանց թվում՝ Իռլանդիան, Պորտուգալիան և Հունաստանը, չկարողացան հաղթահարել կտրուկ աճած պարտքը և լայնածավալ ֆինանսական օգնության կարիք ունեցան։ Այդ ժամանակ մտավախություններ առաջացան, որ արժութային միությունը կարող է փլուզվել։
Միևնույն ժամանակ Goldman Sachs-ում նշել են, որ 2010 թվականի համեմատ տնային տնտեսությունների ֆինանսական վիճակը բարելավվել է, իսկ եվրոպական բազմաթիվ բանկեր ավելի կայուն են դարձել։
Սակայն, տնտեսագետների կարծիքով, Ֆրանսիան ստիպված կլինի կրճատել պետական ծախսերը կամ բարձրացնել հարկերը, որպեսզի նվազեցնի զգալի բյուջետային դեֆիցիտը և վերահսկողության տակ վերցնի աճող պետական պարտքը։