Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Հոկտեմբերի 19-ի գիշերը Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին։
Առաջին հարվածները հասցվել են մինչև կեսգիշեր, երկրորդը՝ մոտավորապես ժամը 03:00-ին։ Կիևում վնասվել են բժշկական և կրթական հաստատություններ, մետրոյի երկու կայարան և 25-հարկանի բնակելի շենք։
Հարվածի հետևանքով զոհվել է 21-ամյա աղջիկ, ևս երեք մարդ վիրավորվել է։ Նրանցից երկուսը հոսպիտալացվել են, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Ավելի ուշ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է ութ տուժածի մասին։
ԱԹՍ-ների բեկորները վնասել են մետրոյի կոնտակտային ցանցը և ռելսային ենթակառուցվածքը։ Բացի այդ, Սոլոմենսկի շրջանում բեկորներն ընկել են 25-հարկանի բնակելի շենքի առաջին հարկում։ Մեկ այլ հասցեում վնասվել է ոչ բնակելի շենք։ Դնեպրովսկի շրջանում բեկորների անկում է արձանագրվել ոչ բնակելի կառուցապատման տարածքում։
Reuters գործակալությունը հրապարակել է Կիևի վրա գիշերային հարվածների հետևանքները պատկերող լուսանկարներ։ Գործակալության լրագրողների տվյալներով՝ լուսանկարներում երևում է ավերված ֆիթնես ակումբը։