Անկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններով
Բրյուսելում և Լիեժում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և բողոքի փողոցային ակցիաների մասնակիցների միջև։ Բելգիայի մայրաքաղաքում ցուցարարները ջարդուփշուր են արել շենքերն ու գույքը, հրկիզել աղբի պարկերը և շրջել մեքենաները։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցաններ, մի քանի մարդ բերման է ենթարկվել, կան տուժածներ, հաղորդել է Belga գործակալությունը։
Բրյուսելի Մարոլեն թաղամասում անկարգությունների մասնակիցները վնասել են շենքերն ու գույքը Լեմոնյե բուլվարում և Ստալինգրադի պողոտայում։ Մասնավորապես, հարձակման է ենթարկվել Բելգիայի Սոցիալիստական կուսակցության (PS) բրյուսելյան բաժանմունքի շտաբ-բնակարանը․ շենքի ապակիները կոտրվել են։ Ցուցարարները նաև հրկիզել են մի քանի աղբի պարկ, վնասել շինարարական սարքավորումներ և շրջել քարշերինգի ծառայության մի մեքենա։
Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և իրականացրել ամբոխը ցրելու մի քանի գործողություն։ Belga-ի տվյալներով՝ իրավապահներն արդեն մի քանի հոգու բերման են ենթարկել։ Անկարգությունների մասնակիցների մեջ շատ անչափահասներ են եղել, նրանցից ոմանք, ենթադրաբար, դեռևս 12 տարին չեն լրացրել։
Ավելի ուշ ցուցարարների և երիտասարդների բազմամարդ խումբը հավաքվել է Բրյուսելի կենտրոնում գտնվող Բորսայի հրապարակում՝ ոստիկանության դեմ կարգախոսներ վանկարկելով։ Ժամը 17:00-ից ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև բախումները բազմիցս կրկնվել են։ Ոստիկանները մի քանի անգամ կիրառել են ջրցաններ և արցունքաբեր գազ, իսկ քաղաքացիական հագուստով աշխատակիցներն ամբոխից դուրս են բերել անկարգությունների ենթադրյալ հրահրողներին։ Բերման ենթարկելու գործողություններն ուղեկցվել են դժվարություններով։ Հաղորդվում է մի քանի տուժածի մասին։
Լիեժում ոստիկանությունը շրջափակել է ավելի քան 30 ցուցարարի Սեն-Լամբեր հրապարակում՝ համանուն առևտրային սրահի մուտքի մոտ։ Հավաքվածներին ցրելու համար օգտագործվել է ջրցան։ Մոտակայքում գտնվող մարդիկ վանկարկել են․ «Ազատ արձակեք մեր ընկերներին»։
Ավելի վաղ Լիեժում ակցիայի մասնակիցները փակել էին մի քանի տրանսպորտային մայրուղի Կադրան շրջանում, այդ թվում՝ դեպի Բյուրվիլ ուղղությամբ ավտոմայրուղու մուտքը։ Որոշ ցուցարարներ սկսել էին տեղաշարժել արգելապատնեշները՝ բարիկադներ կառուցելու համար, սակայն ժամանած ոստիկանությունը ցրել է ամբոխը։
Ոստիկանության տվյալներով՝ առավոտյան Գիյեմեն կայարանի մոտ հավաքվել էր մոտ 200–250 մարդ։ Այնուհետև նրանք շարժվել են դեպի Սեն-Լամբեր հրապարակ, որտեղ նստացույցը ժամանակավորապես կանգնեցրել է ավտոբուսների երթևեկությունը, իսկ մոտավորապես ժամը 13:15-ին մասնակիցները շարժվել են Կադրանի ուղղությամբ։
Փողոցներում կրկին հավաքվելու նոր կոչը հնչել է հոկտեմբերի 9-ի բախումներից հետո, երբ ոստիկանությունը և երիտասարդները հակամարտության մեջ էին մտել արհմիութենական ցույցի ֆոնին։