Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է
Թուրքիայում ընդլայնվում է ներդրումային ֆոնդերի շուրջ սկսված հետաքննությունը, որի ազդեցությունն արդեն արտացոլվում է երկրի քաղաքական դաշտում և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) հանրային աջակցության ցուցանիշների վրա: Այս մասին հոդված է հրապարակել թուրքական իշխանամետ «Hürriyet» պարբերականի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին:
Ըստ հեղինակի ներկայացրած հասարակական կարծիքի հարցումների՝ ֆոնդային ճգնաժամի հետևանքով իշխող ԱԶԿ-ի վարկանիշը նվազել է 3-3.5 տոկոսով: Միևնույն ժամանակ Սելվին նշում է, որ երկրի նախագահ և ԱԶԿ-ի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական վարկանիշը փոփոխության չի ենթարկվել՝ դա պայմանավորելով գործընթացի սկզբից նրա որդեգրած դիրքորոշմամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Կապիտալի շուկայի խորհրդի (SPK) սեպտեմբերի 17-ի որոշմամբ լուծարվել է 7 պորտֆելային կառավարման ընկերության պատկանող 131 ֆոնդ, որոնցում ներգրավված էր ավելի քան 455.000 ներդրող: Սեպտեմբերի 21-ին սառեցվել են 9 ընկերությունների և դրանց ղեկավարների ակտիվները: