Հայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ Սահակյան
Բաքվի բանտերում հայ գերիների նամակագրության ազատությունը սահմանափակված է: «Վերադարձ հայ գերիների» միջազգային համաժողով ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ առկա է բացառիկ բնույթի մեկուսացվածություն:
«Հայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից, ինչը կրկին հանցագործներին ներհատուկ երաշխիք է փակ հաստատություններում պահվելու պարագայում»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Նա նշեց, որ Արցախի նախկին պետնախարար, այժմ Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը նախաձեռնություն էր սկսել, որտեղ գերիներին նամակ ուղարկելու մտադրություն ունեցող անձինք կարող էին որոշակի հասցեներով ուղարկել այդ նամակները։
Սիրանուշ Սահակյանի խոսքով, նամակները հավաքագրվել են, ուղարկվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ կառավարական ճանապարհով Ադրբեջանում պահվող մեր գերիներին հասցնելու նպատակով, քանի որ ընտանիքները, հարազատները, ընկերները զրկված են ուղիղ այդ քրեակատարողական հիմնարկ կամ իրենց ՄԻՊ-ի միջոցով նամակ ուղարկելու հնարավորությունից:
Սակայն այս ձևաչափով էլ դարձյալ հանդիպել են խնդիրների։
«Այստեղ կրկին ունեցանք հակասական տեղեկատվություն: Կառավարությունը նշեց, որ կարող են «Հայփոստ»-ի միջոցով ուղիղ հասցեագրել Ադրբեջանին: Նշեմ, որ մենք բազմաթիվ տարիներ միշտ նման փորձարկումներ ունենք, արել ենք և ներկայումս էլ անում ենք, ունենք ապացույցներ, որ «Հայփոստ»-ը հրաժարվում է ցանկացած նամակ ուղարկել, որը կապված է Հայաստանից դեպի Ադրբեջան կոմունիկացիայի հետ, և նաև եղավ «Հայփոստ»-ի պաշտոնական պարզաբանումը»,- ասաց Սահակյանը: