COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում տեղի է ունեցել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի շրջանակում անցկացվող «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի լիագումար նիստի բացման արարողությունը:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Միջազգային հանրությունը արդեն ձևավորել է «բնության հետ ներդաշնակ ապրելու» տեսլականը և 2022 թվականին ընդունել Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը՝ սահմանելով նպատակներ և հստակ թիրախներ մինչև 2030 թվականը։
«Մենք գտնվում ենք այդ թիրախներին հասնելու ճանապարհի կեսին և պետք է անկեղծորեն ընդունենք՝ հավաքական առումով դեռևս անհրաժեշտ ուղու վրա չենք գտնվում։ Այժմ մեր խնդիրը նոր խոստումների ձևակերպումը չէ։ Մեր խնդիրն արդեն իսկ ստանձնած պարտավորությունները իրական գործողության վերածելն է։
Կենսաբազմազանության հարցերով COP–17 համաժողովը լավ հնարավորություն է, որ մենք հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը։ Հայաստանի Հանրապետությունը ուրախ է աջակցել այս հնարավորությանը»,-ասաց Փաշինյանը։
Նա հաջողություն մաղթեց Կենսաբազմազանության հարցերով COP17 համաժողովի աշխատանքներին։