Ադրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերը
Ադրբեջանում կբարձրացվեն զինծառայողների աշխատավարձերը, ինչպես նաև կփոխվեն նրանց աշխատավարձերի և կենսաթոշակների հաշվարկման կանոնները։
Համապատասխան փոփոխություններն «Աշխատանքային կենսաթոշակների մասին» օրենքում և հարակից իրավական ակտերում Ադրբեջանի Միլի Մեջլիսն ընդունել է երրորդ՝ վերջնական ընթերցմամբ։
Բարեփոխումների փաթեթի համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինծառայողների՝ հարկերի և պարտադիր վճարների պահումից հետո ստացվող զուտ աշխատավարձը միջինում կավելանա 22,8 տոկոսով։
Հիմնական նորամուծությունը պաշտոնի բազային դրույքաչափը զինվորական կոչման համար սահմանված դրույքաչափով փոխարինելն է։ Վերջինիս մասնաբաժինը վճարումների ընդհանուր կառուցվածքում կհասնի 70 տոկոսի։
Այսուհետ զինծառայողների դրամական ապահովությունը կձևավորվի զինվորական կոչման համար սահմանված դրույքաչափից, դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսային հավելավճարներից և հաստատուն լրավճարներից։