Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիա
«Կարևոր է մեր ձյանը լսելի դարձնել միջազգային հանրությանը, նույնիսկ եթե այն չի ուզում լսել»,- կառավարության դիմաց COP17-ին ընդառաջ արցախցիների կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակտիվիստ Նարե Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ կարևոր է խոսել օրհասական խնդիրների մասին. «Չի լինի խաղաղություն՝ էթնիկ զտմամբ և ցեղասպանությամբ անցած հարյուր հազարավոր մարդկանց ձայնը պոպուլիզմի աղմուկով խլացնելով։ Չեք կարող խլացնել արդարության ձայնը պոպուլիզմի աղմուկով։ Չեք կարող հաստատել խաղաղություն. խաղաղությունը պետք է հաստատված լինի արժանապատվության, արդարության վրա, ոչ թե առանց այդ էլ ճնշված և էթնիկ զտման ենթարկված ժողովրդին էլ ավելի ճնշելով։
Չեք կարող աշխարհում խոսել ժողովրդավարության մասին, երբ ձեր երկրի ներսում խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով։
Երկրի ներսում ժողովուրդը գիտի ձեր իրական պատկերը, ժամանակն է պատռել ձեր դիմակը միջազգային հանրության համար»։