Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին
Ռուսաստանի Վորոնեժի մարզում գտնվող «Բորիսոգլեբսկ» ռազմական օդանավակայանը ենթարկվել է հրթիռային հարվածի, տարածքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Exilenova+ բաց աղբյուրների հետազոտական նախագիծը։
Վորոնեժի մարզում հրթիռային տագնապի ժամանակ հաղորդվել է պայթյունների և հրդեհի մասին։ Նախնական տվյալներով՝ հարվածը հասցվել է օդանավակայանին։ Բաց աղբյուրների վերլուծաբանները հայտնում են խոշոր հրդեհի մասին։ Հարձակման հետևանքները ճշտվում են։
Նախագծի տվյալներով՝ օդանավակայանում տեղակայված են կործանիչներ, որոնք կառավարվող ավիառումբեր են կիրառում Ուկրաինայի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար։
«Բորիսոգլեբսկ» օդանավակայանն ավելի վաղ նույնպես ենթարկվել էր հարձակման։ 2024 թվականի հոկտեմբերի 3-ի գիշերը դրա ուղղությամբ հարվածներ էին հասցրել ուկրաինական անօդաչու թռչող սարքերը։