Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող առնվազն հինգ բնակավայրերում տեղակայված լիբանանյան «Հըզբոլլահ» արմատական խմբավորման օբյեկտներին։
Այս մասին հայտնում է Al-Markaziya գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռները հարվածել են Բեյթ Լիֆ, Մայֆադուն, Սարբին, Հարիս և Էլ Մանսուրի բնակավայրերում գտնվող խմբավորման օբյեկտներին։ Միաժամանակ Իսրայելի հրետանին ինտենսիվ կրակ է վարել Լիբանանի տարածքի ուղղությամբ։ Գնդակոծության տակ են հայտնվել Վադի Զիբկինի և Վադի էլ Ղադիրի շրջանները։
Իսրայելի հատուկ նշանակության ստորաբաժանումները ներխուժումներ են իրականացրել Նաբաթիե նահանգի Քֆար Թիբնիթ քաղաքի շրջակայքում։
Տեղական իշխանությունները ավերածությունների և տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդել։